Հայկական Օրագիր:

Եվ չկան հաղթանակներ առանց պարտությունների

Ընկերնե՜ր,

Վավերագրական լուսանկարների այս նախագիծը կրում է «Հայկական օրագիր» վերտառությունը։ Նախագծի նպատակն է՝ պատմել պատերազմ անցած և «վերականգնման» նոր սցենարներ փնտրող երկրի բոլոր կարևոր փոփոխությունների մասին։ Պատերազմին անմիջապես հաջորդող շրջանն ամենակարևորն է և այն «նիրհած» վիճակում անցկացնելն անընդունելի է, ինչպես բոլոր հայերի` այնպես էլ  նրանց համար, ովքեր հավատում են Հայաստանին․ հիմա է ամենակարևոր փոփոխությունների և մարտահրավերների ժամանակը։

Չկան հաղթանակներ առանց պարտությունների. հաղթանակները ոգեշնչում են, պարտությունները` սովորեցնում։ Հիմա, երբ Հայաստանը ապրում է 44֊օրյա պատերազմում կրած պարտության շոկի ցնցումը, ես ցանկանում եմ արձանագրել այն փոփոխությունները, որոնք սովորաբար առաջանում են ջախջախիչ պարտությունների արդյունքում։

Հավատում եմ, որ Հայաստանը` բնատուր տաղանդով օժտված ժողովրդով, բացառիկ հարուստ մշակույթային բովանդակությամբ երկիրը, պետք է վերջապես մոբիլիզացվի և որ ինձ համար շատ կարևոր է՝ քայլ առ քայլ անցնի այս ճանապարհը, որպեսզի մեկ տարի անց, ողջ տեղի ունեցածն արտացոլվի  մաքուր, չխեղաթյուրված լրագրության հայելու մեջ` աջակցելով մարդկանց՝ գիտակցել հաղթանակի իրական արժեքը։

Նախագծի աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հոկտեմբերին և կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։ Այս ընթացքում մանրամասն կուսումնասիրեմ և կփորձեմ տեսախցիկիս միջոցով ֆիքսել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունները։

Չշեղվելով քաղաքական օրակարգից` կպատմեմ, այն մասին, թե ինչպես են ապրում հասարակ հողագործները տարբեր շրջաններում և ինչ հետաքրքրություններ կան գյուղատնտեսական բնագավառում, ինչպես է աշխատում կրթական համակարգը և ինչպիսին է հայկական դպրոցը, ինչպես է աշխատում ոստիկանությունը և քրեակատարողական համակարգը, ինչպիսին է վիճակը առողջապահական ոլորտում, ինչով է մեզ գոհացնում հայկական մշակույթը, որքան բազմազան է գիշերային կյանքն ու ժամանցը…

Անշուշտ, չեմ անտեսի նաև Լեռնային Ղարաբաղը (Արցախը). նախագծի ընդհանուր պատկերում որպես առանձին տարր` կներառվի Արցախի մասին ռեպորտաժը, որտեղ ցանկանում եմ ներկայացնել համոզիչ մարդկային պատմություններ։

Այստեղ` նախագծի կայքում, կպատմեմ նախագծի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքների,  ամբողջ Հայաստանով իմ գործուղումների մասին, կներկայացնեմ որոշ լուսանկարներ և տեսահոլովակներ։